Այսօր, 11:17
Կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ծաղկաձորում ելույթ է ունեցել «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել կանանց ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանդիպմանը մասնակցել են մասնակիցներ 10 մարզերից։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին, ոլորտում առկա խնդիրներին: Այս համատեքստում բանախոսը նշել է, որ իրավապաշտպանությունը կենսակերպ է, առաքելություն, այլ ոչ հերոսանալու միջոց:
«Պետք է ընդունենք, որ այդ առաքելությունն իրականացնողները ևս հաճախ հայտնվում են խոցելի իրավիճակներում: Դա ավելի արտահայտիչ է, երբ իրավապաշտպանները կանայք են և իրենց գործունեությունը ծավալում են նաև իրավահավասարության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում կամ բարձրացնում են իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնք կոնկրետ հասարակական միջավայրում պոպուլյար չեն»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ վերջիններս առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ՝ պայմանավորված հենց կին լինելու հանգամանքով:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է հասարակական բոլոր մակարդակներում սեռով պայմանավորված կանանց թիրախավորման դեպքերին: Նա նշել է, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:
«Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը և կանանց իրավունքների խթանմանը», - եզրափակել է Անահիտ Մանասյանը:
Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին: Դրանք վերաբերել են կանանց իրավունքներին, բուլինգին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին և այլն:
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: