03/12/2024 10:29
Թրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, որը խոշոր հրդեհից այրվել էր 2019 թ. ապրիլին։ Սա կլինի նոյեմբերին ընտրվելուց հետո Թրամփի առաջին օտարերկրյա ուղևորությունը։
Իր Truth Social սոցիալական հարթակում Թրամփը, որը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, գովել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը՝ տաճարը վերականգնելու համար։
«Պատիվ ունեմ հայտնելու, որ շաբաթ օրը մեկնելու եմ Ֆրանսիա՝ Փարիզ, մասնակցելու հոյակերտ և պատմական Աստվածամոր տաճարի վերաբացմանը, որը լիովին վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Նախագահ Էմանուել Մակրոնը հիանալի աշխատանք է կատարել՝ ապահովելով, որ Աստվածամոր տաճարը վերականգնվի իր ողջ փառքով և նույնիսկ ավելի: Դա շատ յուրահատուկ օր կլինի բոլորի համար», - գրել է Թրամփը։