03/12/2024 17:05
Տարօրինակ է, որ Փաշինյանը խոսում է մեր երկրի՝ «ազգ-նահատակի» իմիջ ունենալու մասին, բայց չի ասում՝ ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը՝ խորհրդարանում․
«Հարվածները, որոնք տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն ոչնչացնելու այն ֆունդամենտը, որի շուրջ համախմբվում, գաղափարապես ներդաշնակեցվում է մարդը՝ որպես երկրի համար կարևոր ինստիտուտի մի մասնիկ։
Այս 6-7 տարիներին բանակին ուղղված ինչ ասես՝ չլսեցինք, իսկ վերջին շրջանում հարվածները, որոնք տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն ոչնչացնելու այն ֆունդամենտը, որի շուրջ համախմբվում, գաղափարապես ներդաշնակեցվում է մարդը՝ որպես երկրի համար կարևոր ինստիտուտի մի մասնիկ:
Իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պայմաններով համաձայնագիր կնքենք, որովհետև մեր բանակը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի դեմ կռվելու համար:
Իշխող ուժի ղեկավարն էլ մեկ հայտարարարում է՝ բանակն եկեք չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ էլ հայտարարում, թե գիտեք, մեզ միջազգային տեսանկյունից որպես «ազգ-նահատակ» են դիտում, եկեք հասկանանք, թե ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում:
Ի դեպ, երբ խոսում եմ զինծառայողի, հրամանատարի կարևոր առաքելության և անգնահատելի ծառայությունների մասին, սա որևէ ձևով չի հակադրվում իր պարտքը հասարակության նկատմամբ կատարող բժշկի, գործարարի, հողագործի մասնագիտություններին:
ԱԺ բարձր ամբիոնից տարբեր ժամանակներում տարբեր բնույթի և լրջության ելույթներ են հնչել, սակայն տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած անձը խոսում է մեր երկրի՝ «ազգ-նահատակի» իմիջ ունենալու մասին, բայց չի խոսում դրա պատճառների և պատասխանատուների մասին:
Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ խոսողի ղեկավարած երկրում 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը 3 տարի շարունակ, տարբեր փուլերով ագրեսիայի դիմեց, որի հետևանքով մեր երկիրը կարևոր տարածքներ կորցրեց:
Եվ վերջապես՝ ո՞ւմ գործունեության հետևանքով Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, իսկ հետո նրա իսկ հանցավոր լռությամբ՝ ամբողջությամբ օկուպացվեց:
Ի դեպ, «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ թե «ազգ-նահատակի» շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը՝ հասարակության ամուր սատարմամբ և ներդմամբ այնպիսի բանակի կառուցումն է, որը հնարավորություն էր տալիս մեր երկրին՝ իր ռեսուրսների ու պոտենցիալի պայմաններում, դիմագրավելու մեր երկրի առաջ առկա սպառնալիքներին:
Ասում է՝ դեռ պարզ չէ, թե մեկ, երկու, երեք, թե ավելի շատ բանակներից պետք ուժեղ լինենք: Շատ վատ է, որ գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է:
Այս հարցի պատասխանը շատ պարզ է. նորմալ պետության պայմաններում խորքային գնահատում են Հայաստանի, տարածաշրջանի շուրջ առկա ռազմաքաղաքական իրավիճակը, Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների թիվն ու վտանգավորությունը, ուղղակի և անուղղակի սպառնալիքների չափաբաժինը՝ ցանկը շարունակելի է, և պրագմատիկ հաշվարկների վրա ձևակերպում երկրի անվտանգության բանաձևը:
Իշխող ուժը խոսում է ոչ թե իրադրային գնահատման կամ լուծումների դիրքերից, այլ, ըստ էության, բարոյալքման, սեփական անգործության արդարացման և փակուղային իրավիճակի արձանագրման տեսանկյունից»: