03/12/2024 15:01
Երևանում բազմաթիվ անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամրջից ընկել է. Shamshyan
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ փրկարարները, ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների հետ փորձել են այդ տղամարդուն համոզել դուրս գալ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նա ընկել է կամրջից ներքև:
Պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Խաժակ Հայրապետյանն է, ով գտնվել է կամրջի արգելապատնեշից այն կողմ, կանգնել է կամրջին ամրացված լուսարձակի վրա, ինչի կոտրվելու հետևանքով Խ. Հայրապետյանը վայր է ընկել կամրջից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Հայրապետյանը իրավապահ համակարգում հայտնի է որպես մոտ 800-ից ավելի անգամ Երևանում և Արարատի մարզում ինքնասպանության փորձեր կատարած անձ:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ամեն անգամ նա հայտնվում էր Երևանի «Հաղթանակ», Կիևյան կամ Դավթաշենի կամուրջների վրա, և սպառնում իրեն ցած նետել ու դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայությունները մի քանի ժամ նրա հետ բանակցություններ էին վարում, որից հետո ինքնակամ դուրս էր գալիս անվտանգ վայր և հեռանում:
Նմանատիպ մի քանի դեպք էլ եղել է Արարատի մարզում: