03/12/2024 16:16
«Հուսով եմ՝ չեք մերժի». Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկների
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրում է փակ հանդիպման։ ԱԺ նախագահը հույս ունի՝ լրագրողները չեն մերժի իր հրավերը։
«ԱԺ-ում հավատարմագրված հարգելի՛ լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները և ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաև չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցել մեր ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ: Հուսով եմ՝ չեք մերժի իմ այս հրավերը:
Նախապես ասեմ, որ խոսելու որևէ փակ թեմա չի լինի, համարենք այս հանդիպումը աշխատանքային քննարկում, իրար ավելի լավ հասկանալու ևս մեկ հնարավորություն:
Կանխավ շնորհակալ եմ:
Հ.Գ. Ես արդեն խնդրել եմ կապ հաստատել ԱԺ բոլոր հավատարմագրված լրագրողների հետ և կազմակերպել հանդիպումը»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։