03/12/2024 14:05
Քաղաքապետ Ավինյանը վարորդների աշխատավարձը 150 000 դրամով բարձրացնելու խոստում չի տվել. Սուրեն Գրիգորյան
Քաղաքապետ Ավինյանը նման խոստում չի տվել. ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ի պատասխան գործադուլ հայտարարած վարորդների։ Վերջիններս պնդում են, թե խոստացել է 150 000 դրամով բարձրացնել աշխատավարձը։
«Ինչ վերաբերում է նրան, որ աշխատավարձի հարցին պարբերաբար վերադառնալու ենք՝ ըստ համակարգի ներդրման, ստվերի կրճատման, ծախսերի ու հավաքագրվող գումարների, դրա մասին բազմաթիվ անգամ ասվել է, ոչ միայն քաղաքապետի կողմից, և ոչ միան վարորդներին, այլև հանրային»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե գուցե դժգոհություններն օբյեկտիվ են՝ պատասխանեց. «Կներեք, գուցե, շտապօգնության մեքենաների վարորդներն էլ դժգոհություն ունենան և ասեն՝ չենք աշխատելու։ Եկեք տարբերակենք երկու բան․ ունես դժգոհություն, ոնց ես բարձրաձայնում։ Խնդիրներ կան, որոնք համարում ենք, որ օբյետիվ են, բայց այս ամենը՝ մի կողմ, մարդուն կանգառում թողնելը՝ մի կողմ։ Սա անելու ձև չի»։