04/12/2024 22:40
Նեյտրոպենիան՝ արյան սպիտակ բջիջների նվազման պատճառ
Նեյտրոպենիան առաջանում է այն դեպքում, երբ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակներից մեկի՝ նեյտրոֆիլների քանակը նվազում է:
Արյան սպիտակ բջիջները օգնում են վարակների դեմ պայքարին, ուստի նեյտրոպենիայով մարդիկ դառնում են վարակների նկատմամբ խոցելի:
Նեյտրոպենիան ունի բազմաթիվ պատճառներ և կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ երկրորդային՝ որպես մեկ այլ հիվանդության կամ վիճակի հետևանք, ինչպիսին է քաղցկեղի դեմ բուժումը:
Նեյտրոպենիան ախտորոշվում է արյան թեստով: Բուժումը կախված է նեյտրոպենիայի տեսակից և ծանրության աստիճանից: Նեյտրոպենիայի առկայության դեպքում, պետք է մշտապես պաշտպանվել վարակներից:
Որոշ մարդկանց մոտ կարող են զարգանալ տարբեր տեղակայման բակտերիալ վարակներ՝ մաշկի, բերանի շրջանի, հարքթային խոռոչների, ներքին օրգանների (օրինակ՝ թոքեր): Կրկնվող վարակները նույնպես կարող են լինել նեյտրոպենիայի նշաններից մեկը:
Ախտանիշները կարող են ներառել՝
ջերմություն (տենդային նեյտրոպենիա),
հոգնածություն,
ցավոտ կոկորդ (ըմպանաբորբ),
այտուցված ավշային հանգույցներ,
բերանում կամ հետանցքի շուրջը խոցերի առաջացում,
վարակված շրջանի ցավ, այտուցվածություն և ցան,
փորլուծություն,
միզելիս այրոցի զգացողություն կամ այլ միզային ախտանիշներ (հրատապ միզելու ցանկություն, հաճախամիզություն և այլն):
Նեյտրոպենիան կարող է լինել՝
սուր, երբ ի հայտ է գալիս հանկարծակի և, սովորաբար, արագորեն էլ անհետանում է,
քրոնիկ, երբ շարունակվում է բավականին երկար ժամանակ,
ցիկլային, երբ պարբերաբար հայտնվում և անհետանում է:
Տենդային նեյտրոպենիան սովորաբար հանդես է գալիս որպես քաղցկեղի բուժման բարդություն և դրսևորվում է ջերմության 38° C և ավելի բարձրացմամբ և վարակներին բնորոշ նշաններով, ինչպիսիք են դողը, սարսուռը և ինքնազգացողության վատացումը։ Տենդային նեյտրոպենիան համարվում է կյանքին սպառնացող վիճակ և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն