04/12/2024 11:53
Հալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մի քանի ընտանիք կարողացել է դուրս գալ․ հայ համայնքի վիճակն առայժմ կայուն է, բայց վախի մեջ են․ Նոր մանրամասներ
Սիրիայում հայկական համայնքի վիճակը ներկայումս կայուն է, ոչ մի անհանգստություն առայժմ չկա, բայց ժողովուրդն, իհարկե, վախի մեջ է, չգիտեն՝ ինչ պետք է լինի. Aysor.am-ի հետ զրույցում ասաց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը՝ անդրադառնալով զինյալների հսկողության ներքո գտնվող հալեպահայության վիճակին։
«Ճի՛շտ է, ֆիզիկապես բոլորը լավ են, բայց հոգեպես ահուվախի մեջ են։ Այս պահին ներքին հեռախոսակապը Հալեպում լրիվ անջատված է, և խոսակցություն կա, որ թուրքական կապ պետք է բերեն։ Դպրոցները փակ են, ժողովրդի մի մասն աշխատատեղերը փակել է»,-ասաց նա։
Ըստ Վազգեն Մեսրոպյանի՝ այս պահին Հալեպում 8 000-10 000 հայ հայտնվել է շրջափակման մեջ, և Հալեպի Ազգային առաջնորդարանը հնարավորության սահմաններում ապահովում է նրանց կարիքները. «Դեռևս նորմալ կարող ենք համարել, Առաջնորդարանը հայ ընտանիքներին հացով ապահովում է։ Միությունները, Առաջնորդարանը մասնավորապես հայերի կարիքներն ապահովում են»։
Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու Սիրիայում իրավիճակի կտրուկ սրումը՝ Մեսրոպյանը պատասխանեց․«Իհարկե, Թուրքիային։
Պարզ է, որ այս ամենը ձեռնտու է Թուրիքային, այնտեղ թրքական ահաբեկիչներ կան, զինվորներ կան։ Իրանը, Ռուսաստանը լուծումներ են ման գալիս, բայց ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ հանգուցալուծում է լինելու։ Հիմա էլ կառավարական ուժերն են պատրաստվում մտնել Հալեպ, պատերազմական վիճակ պետք է համարել»,-ասաց նա։
ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ ևս հաստատեց, որ հալեպահայերին տարհանելու միջոցներ գրեթե չկան, որովհետև ճանապարհները փակ են։
«Բայց, իմ տեղեկությամբ, մի քանի ընտանիքների հաջողվել է դուսր գալ Հալեպից, մոտ 25 հոգի, տեղյակ եմ, որ դուրս է եկել։ Արդեն պետք է որ Երևանում լինեն»,-ասաց նա։