04/12/2024 15:05
Պարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել. Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց այն հայտարարությունը, թե ինչ պետական կարևորության գաղտնիքներ է հրապարակել։
Նա հայտարարեց, որ որևէ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի հասանելիություն ինքը չի ունեցել և գուցե լրագրողների հետ զրույցների ընթացում մի բան ասել է, որը չէր կարելի ասել։
«Ես չեմ հիշում նման դեպք, որ նպատակամղված, պլանավորված այսօր այս եմ ասել արտահոսք, հետո այն եմ ասել արտահոսք»,-ասաց նա։
«Նիստին ես զարմանք հայտնեցի ուրիշ բանի համար, թե ոնց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում՝ վարչապետի մոտ, որովհետև պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը՝ ուսանողական ընկերը, հայց էր ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցրվեն։ Այդ շրջանակներում տեղի էր ունեցել հարցաքննություն և իմ հեռախոսը առգրավվել էր։ Ես ոչ թե դիմադրել եմ, այլ ասել եմ՝ վերցրեք, չասեք առգրավել են, ասեք ուզել ենք՝ տվել է։ Այդ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ, և քննիչն ասեց, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ այդ գործով»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց՝ ինքը հարցրել է, որ շատ բաներ ունի, որոնք չէր ցանկանա՝ կարդան, պատասխանել են՝ անհոգ լինի․ «Ասեցի՝ կարդում եք ջհանդամը, տղա եք, սարսափելի բան չի, հանկարծ չհրապարկվի, ասեցին՝ պարոն Աղազարյան, ինչեր եք ասում, Դուք գիտեք, որ պետության մեջ եք։ Ես հպարտ կեցվածք ընդունեցի։ Բայց պարզվեց՝ հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։ Ով է այդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով՝ չեմ կարող ասել»։
Դիտարկմանը, գուցե, վարչապետի հրահանգով են հեռախոսի ինֆորմացիան կարդացել՝ պատասխանեց. «Ես ասացի չգիտեմ՝ ոնց է հայտնվել և թե որքանով է օրենքի շրջանակներում՝ դա էլ չգիտեմ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել»։