04/12/2024 15:46
Ցանկացած իշխանություն այլասերվելու միտում ունի, իսկ վարչապետը քիչ հնարավորություն ունի մեր այլասերումը սանձելու համար, հետևաբար, այս իմաստով իրեն հասկանում եմ. Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ դեռևս շարունակո՞ւմ է պնդել, որ այս ամենը ժողովրդավարական դրսևումներ են։
«Դա դուք գնահատեք»,-ասաց նա, ապա քմծիծաղով ավելացրեց. «Էլի ես կարամ ասեմ, որ մենք ամենաժողովրդավարն ենք, կարողա ուրիշ տեղեր ավելի սարսափելի են»։
Նա նշեց, որ թեև Դաշնակցությունից ևս հեռացվել է, բայց երբևէ որևէ վատ բան չի ասել. «Չեմ ասելու նաև ՔՊ-ի մասին, ես իմ գիծն ունեմ։ Այստեղ ուրիշ հարցեր կան, դա մի քանի ամիս հետո կպարզվի»։
Աղազարյանը մանրամասներ հայտնեց վարչապետի հետ առանձին հանդիպումից. «Անձամբ վարչապետի հետ հանդիպմանն ասել եմ, որ «պարոն վարչապետ, ես ձեզ խնդրում եմ, ես ձեզ աղաչում եմ, ձեր խնդրանքը հետ կանչեք, որովհետև այն արդարացի չի», ինքը ասեց «չի կարող», ես էլ ասեցի «ես էլ չեմ կարող»»։
Աղազարյանը փիլիսոփայորեն գիտի, որ ցանկացած իշխանություն այլասերվելու միտում ունի։
«Մենք էլ բացառություն չենք, այդ թվում՝ նաև ես, հետևաբար, վարչապետը քիչ հնարավորություն ունի մեր այլասերումը կանխարգելելու կամ սանձելու համար և, հետևաբար, այս իմաստով իրեն հասկանում եմ, բայց իրավական հարցերի մեջ չեմ մտնում, որովհետև չգիտեմ»,- հավելեց նա։