04/12/2024 14:43
Գյումրին գլխավոր տոնածառ կունենա Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով
Շիրակի մարզպետը որոշում է կայացրել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձևով իրականացնելու վերաբերյալ. «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։
Այդ աշխատանքների կատարման համար հրավեր է տրամադրվելու միայն գնման հայտում նշված անձին՝ հնարավոր մասնակցին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 1-ին մասի դ ենթակետի դրույթը։
«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորները նորով փոխարինման և վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,-նշված է որոշման մեջ։
Գյումրի համայնքի ավագանին սեպտեմբերի 10-ին միաձայն՝ 26 կողմ քվեարկության արդյունքում որոշել էր համայնքի բյուջեից hատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը հատկացվելու էր Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռք բերման համար, իսկ 7 միլիոնը՝ համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման նպատակով։ Այս աշխատանքների իրականացման համար, սակայն, դեռևս գնման մրցույթ- հայտարարություն չէր հրապարակվել: