04/12/2024 17:55
Մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Մի հոգի էլ կարիքս զգա՝ կողքին կկանգնեմ․ Դանիելյանը՝ Փաշինյանին
«Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր, ինձ համար ակնհայտ է նաև, որ Երևանի քաղաքապետարանը գործուն միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կճատելու համար»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդների գործադուլին և նրանց հարկադրաբար աշխատանքից զրկելուն։
«Չեմ համաձարկվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուն են եղել։ Ըստ ամենյանի, դա եղել է համակարգված մեխանիզմ։ Չգիտեմ՝ ինչքան պաշտոնյա, ոչ պաշտոնյա են եղել, կամ քրեածին միջավայրից, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է։ Համոզված եմ, որ աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ անել, բայց այդ պատմության թիվ մեկ շահառուն վարոդները չեն»,-ասաց Փաշինյանը։
Նա ընդդիմությանը մեղադրեց նաև, թե մի քանի մարդ է հավաքվում թե չէ՝ գնում, կողքներին կանգնում են՝ «թեմաներ գտնելով»։
«Չգիտեմ՝ դուք ինչ առնչություն ունեք այդ թեմայի հետ»,-դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կոռուպցիոներ եմ, այդ գումարները երևի ես եմ աշխատում»,- վրդովվեց Փաշինյանին հարց ուղղած«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«էս էլ որերորդ անգամ է՝ ասում եք՝ թեմաներ եք գտնում։ Թեմաներն ընտրեք, ասեք՝ էս թեմաներից հարց տուր... Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ, դրանից էլ կհարցնեմ։ Մի հոգի էլ կարիքս զգա՝ կգնամ, կողքին կկանգնեմ։ Վատ չէր լինի, որ Դուք էլ, Ձեր պատգամավորներն էլ, նաև Ձեր պաշտոնյաներն էլ գայիք, կողքներին կագնեիք, ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ։ Ավելի լավ է՝ Դո՛ւք ասեք՝ ինչ կոռուպցիա կա»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ խնդիրը բարձրաձայնում է, որ վերլուծեն. «38 հոգու վրա գործ եք հարուցում, գնացեք դատեք, ինչ ասեմ, որ համարձակվել են բողոքել։ Իրենց մեղքը դա է»,-ասաց Դանելյանը։
«Պարո՛ն Դանիելյան, մի վրդովվեք, դե Դուք էլ պատասխանները գրեք՝ ինչ պատասխանեմ»,-արձագանքեց Փաշինյանը։