04/12/2024 18:57
Փաշինյանը պարզաբանեց՝ ԵԱՏՄ գագաթաժողովը Երևանում չի կայացել ոչ թե Պուտինի ձերբակալության հարցի պատճառով, այլ՝ Բելառուսի նախագահը ցանկալի չէ Հայաստանի համար
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահող երկիր է, ինչու՞ է գագաթնաժողովը տեղի ունենում ոչ թե Երևանում, այլ Սանկտ-Պետերբուրգում։ ՌԴ նախագահի օգնականն ասել էր՝ հայկական կողմի խնդրանքով է, որ գագաթնաժողովը Ռուսաստանում է անցկացվում։
«Արդյոք դուք նախորդ նիստին անձնապես խնդրե՞լ եք, որ այդ նսիտը տեղի չունենա ՀՀ-ում և արդյոք այդ որոշման կայացումը փոխկապակցվա՞ծ է Հռոմի ստատուտի հետ։ Պուտինի ձերբակալության-չձերբակալվածության հարց կա՞ այս ամենի մեջ»,- Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատգամավորը։
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ վերադառնալու հարց դրված է. «Բա, ինչպես ասում են, «задержка»-ն ինչ՞ում ն է»։
Փաշինյանը պատասխանեց, որ ոչ մի գաղտնիք չկա, ուղղակի չի ուզում անհարմար իրավիճակներ ստեղծել։
«Ուզում եմ ուղիղ ասել, որ ես անձամբ աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում, որովհետև ցավոք, Ձեզ հայտնի հանգամանքների բերումով, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ-ի համար»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Հռոմի սատուտին, ասաց՝ երբ վավերացրել են, այդ ընթացքում հաղորդակցության մեջ են եղել ՌԴ գործընկերների հետ և բերել են ԱՄՆ-ի հետ ունեցած օրինակը․ «Մենք ԱՄՆ-ի հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առաձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր և նրանց հարաբերություններում։ Մենք նույն առաջարկը արել ենք ՌԴ-ին, բայց ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չեն տվել»։
ՀԱՊԿ-ի առնչությամբ էլ Փաշինյանը նշեց․ «Задержка» չկա, կա արագության, տեմպի մասին մեր պատկերացումը։ Դուք տեսնում եք, որ հստակ և հետևողական գնում ենք կոնկրետ ուղղությամբ»։
Ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց. «Փաստորեն, ասում եք՝ Հռոմի ստատուտի հետ փոխկապակցված չէ, ես ճի՞շտ եմ ընկալել, այլ կապված է այլ երկրի ղեկավարի, մասնավորապես՝ Բելառուսի ղեկավարի հետ։ Ես համարյա վերարտադրեցի Ձեր ասածը»։
«Համարյա վերարտադրեցիք իմ ասածը, բայց դա չի նշանակում՝ ճշգրիտ վերարտադրեցիք»,- ի պատասխան՝ նշեց Փաշինյանը։