04/12/2024 13:59
Կրթական համակարգում ինչ ուզում անում են. դիմադրություն չկա, հաշվետվողականություն՝ նույնպես. Սերոբ Խաչատրյան (Տեսանյութ)
Հայաստանում կրթական համակարգում որևէ բարեփոխում չկա՝ իմիտացիա է, Аysor.am-ի «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Այդ, այսպես կոչված, բարեփոխումներն արդյունք չեն բերելու։ Մեզ մշտապես կերակրել են սպասումներով՝ ավագ դպրոցներն առանձնացնենք՝ լավ կլինի, նոր չափորոշիչներ ընդունենք՝ լավ կլինի, նախագծային կրթություն անենք՝ լավ կլինի, հիմա էլ քանի տարի, այսպես կոչված, ակադեմիական քաղաք կառուցելու միֆով են կերակրելու։ 2018 թվականին այս իշխանությունից լսել ենք խոստում, որ 2023 թվականին Հայաստանն ունենալու է որակապես այլ մակարդակի կրթություն, որևէ մեկն այս խոստման համար 2023 թվականին հաշվետու եղա՞վ, իհարկե՝ ոչ»։
Նա ավելացրեց նաև․«Այդ «Ակադեմիական քաղաք» նախագիծը ոչինչ չի տալու Հայաստանի կրթական համակարգին, նախ ՀՀ կառավարությունը թիրախ է ընտրել՝ Հայաստանի առնվազն չորս բուհ մինչև 2030 թվականը պետք է դասվի աշխարհի լավագույն 500-ի մեջ, հիշեցնեմ՝ ասվում է, որ ակադեմիական քաղաքը սկսելու է գործել 2030 թ.-ից։ Հիմա հարց՝ եթե այդ չորս բուհը մինչև 2030 թվականը պիտի աշխարհի լավագույնների մեջ ընդգրկվի, եթե այդպիսի ցուցանիշ ենք տալու, ապա էլ ինչու՞ եք կառուցում այդ քաղաքը»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։