Այսօր, 12:26
Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, պետական անվտանգությանը վերաբերող քննարկումներից արտահոսքեր է կատարել. Կոնջորյան (Տեսանյութ)
Նախապես արդեն հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում դրված էր Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացնելու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ այսօր՝ վաղ առավոտյան ինքն Աղազարյանին ծանուցել է, որ այդ օրակարգով նիստ է լինելու .«Իրեն հրավիրել եմ, ինքն էլ ասել է՝ «շատ լավ»»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարվեց, որ Հովիկ Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկություն է դուրս հանել խմբակցությունից․ ինչի՞ մասին է խոսքը։ Ի պատասխան՝ խմբակցության ղեկավարը նշեց.«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Դրանք պարզվել են և դարձել են նրան հեռացնելու հիմքերից մեկը։ Դրանց առնվազն մի մասը մամուլում կա։ Այդ տեղեկատվությունների մի մասը գաղտնագրված է, հետևաբար, ես իրավունք չունեմ դրանք հայտնելու»։
Կոնջորյանը հավելեց նաև, որ վարչության նիստի ժամանակ Աղազարյանը դա չի հերքել։
Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքեց․
«Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։