04/12/2024 17:15
Ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեցրեց ՀԱՊԿ-ից ստացած պատասխանը, երբ ՀՀ տարածքների նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունենում․ ասել են՝ «Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են»։
«Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ի՞նչ ենք ասել՝ ասել ենք՝ հարգելի գործընկերներ, կարմիր գիծը, որ ասում էիք, հատված է, որից հետ ասել են՝ «ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ»։ Մենք էլ ասել ենք՝ այդ դեպքում ո՞րն է կարմիր գիծը, որի մասին ասում էիք, մեզ ցույց տվեք»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը դա ցույց չի տվել Հայաստանին, ինքն էլ հրապարակային ասել է՝ եթե ՀԱՊԿ-ը Հայաստանում չունի պատասխանատվության գոտի, գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, գոյություն չունի։
«Դա է եղել պատճառը, որ 2022-ի աշնանը ես հրաժարվել եմ ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։ Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը կապ չունի, մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու համատեսքտում Ղարաբաղի թեման չենք շոշափել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս։
«Ինչ ուզում են՝ թող որոշեն, մենք չենք մտնում իրենց գործերի արանքը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։
«Ես կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք»,- հավելեց նա։