04/12/2024 15:37
Բոլոր օրինական ճանապարհներով վարչապետին զեկուցել են պետական անվտանգության հետ կապված արտահոսքի մասին. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Միշտ չի, որ հայհոյանքին պետք է հայհոյանքով պատասխանել, հարվածին՝ հարվածով, այդպես չի կյանքում ձևը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ես չգիտեմ, թե ինչ պարզաբանում է տվել Հովիկ Աղազարյանը։ Նրա հեռախոսը քրեական գործի շրջանակներում գտնվում է ՔԿ-ում և այնտեղ գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է։ Քննչական գործողություններ են տեղի ունենում։ Գաղտնի տեղեկատվություններ պարունակող ինֆորմացիաներ կան, Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող, կուսակցության, խմբակցության ներքին գործերին վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկատվությունները պարբերաբար կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին և տարբեր ներկայացուցիչների, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգործություն ունենալ տվյալ գործի վրա։ Ինչպես նաև նրա կողմից հանրային բարոյական նորմեր են խախտվել, որոնք դեմ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արժեքներին, սկզբունքներին և, առհասարակ, մարդկային սկզբունքներին։ Սրանից ավել բան ասել չեմ կարող։ Եթե այդ գործողություններն իրենց մեջ կկրեն քրեաիրավական գնահատական, ապա իրավապահ մարմիններն այս ամենին տիրապետում են մեզանից ավելի լավ»,- հավելեց նա։
Հովհաննիսյանը վստահ է, որ եթե այդտեղ իրավական հիմք լինի, ապա պրոցեսներ կգեներացվեն այդ ուղղությամբ. «Անձնական գաղտնիությունը չի կարող լինել պետությանը վերաբերող տեղեկատվությունը»։
Դիտարկմանը՝ ինչու են Աղազարյանի հեռախոսի գաղտնալսումները տվել վարչապետին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Բոլոր օրինական ճանապարհներով վարչապետին զեկուցել են պետական անվտանգության հետ կապված արտահոսքի մասին՝ պարբերաբար, այդտեղ որևէ անօրինական պրոցես չկա․ քաղաքական թիմը երեկվա վարչության նիստում կայացրել է քաղաքական որոշում՝ խմբակցության անդամին, ով կազմակերպել է սիստեմատիկ պետական անվտանգության վերաբերյալ, կուսակցության և խմբակցության փակ քննարկումների վերաբերյալ արտահոսք, դուրս է հանվել կուսակցությունից ։ Իսկ Աղազարյանն էլ իմանալով, թե ինչ է սպասվում, առավոտյան ինքը դուրս եկավ խմբակցությունից՝ չսպասելով, որ մենք իրեն կհանենք»։
Նա ավելացրեց, որ այս գործընթացը իրավապահ մարմինների մասնակցությամբ լսումների հետ կապ չունի։