04/12/2024 17:43
Ինչպե՞ս Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սեղանին (Տեսանյութ)
Այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչպես է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին։
«Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինը, օրենքով սահմանված կարգով, համապատասխան բոլոր ընթացակարգերն ու թույլտվություններն ունենալով, բոլորովին ուրիշ գործով, քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը այդքան էլ անկախ չէ։ Երբ քննչական մարմինը այդ հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակներում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին, այդ դեպքում՝ ՀՀ վարչապետին»,-ի պատասխան՝ նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նա այդ տեղեկությունով կիսվել է «օրենքի տառին և հնարավորություններին համապատասխան»։
« Դրանից առաջ ես խորհրդակցել եմ բոլոր հնարավոր մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին։ Ես ասում եմ, որ այո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից, այդ թվում՝ հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը, ի դեպ, ընդգծված է ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում։ Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական և այլ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Ագնեսա Խամոյանն էլ արձագանքեց, որ Հովիկ Աղազարյանը դարձել է «պետական դավաճան» ու «ահաբեկիչ», քանի որ չի կատարել Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»՝ մանդատը վայր չի դրել. «Նարեկ Զեյնալյանը նման ճակատագրի չարժանացավ, քանի որ չմերժեց Ձեր «խնդրանքը»։
Նիկոլ Փաշինյանն էլ հաջորդիվ իր հերթին շնորհակալություն հայտնեց պաշտոնից ազատված ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին՝ նրա աշխատանքի և իր խնդրանքը կատարելու համար։