Այսօր, 09:21
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստեր կհրավիրի, «տունը մնացած» նախագծերից բացի, 2 կարևոր փաթեթ են ընդունելու։ Մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, որի խմբագրված տարբերակը դեռևս ԱԺ չի ուղարկվել, և հայտնի չէ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին աղմկահարույց կետից:
Հիշեցնենք. առաջին ընթերցում անցած նախագծում նշված է․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունների նշանակվելուց հետո` մինչև թեկնածուների առաջադրման ժամկետի սկիզբը... մինչև քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված»։
Ապա ընտրական գործընթացը վերսկսելիս նոր քվեարկություն է կազմակերպվում: Այսինքն՝ իշխանությունը, տեսնելով, որ ընտրական որևէ փուլում պարտվում է, կարող է ինչ-որ պատրվակով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել և նոր քվեարկություն նշանակել։ Մյուս «հրատապ» նախագիծը Գյումրիում ԺՊ նշանակելուն է վերաբերում, ՏԻՄ օրենքում առաջարկվող փոփոխությամբ Փաշինյանը որոշել է հանրապետության երկրորդ քաղաքում ավարտել իշխանազավթումը և քաղաքապետի ԺՊ նշանակել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ Գյումրու ընտրություններում հաղթի»։