05/12/2024 18:06
Գիշատիչներով շրջապատված մեզ պահենք վերջին ռոմանտիկների նմա՞ն. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Աշխարհակարգը փլուզվում է, պետությունները միջազգային իրավունքը խախտելով փորձում են պոկել ինչ հնարավոր է, Փաշինյանն ըստ երևույթին փորձում է գնալ այս հոսանքին հակառակ՝ միջազգային իրավունքը հռչակելով մեր անվտանգության երաշխիք,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Պետությունների ձևավորումից սկսած ամբողջ պատմության ընթացքում երբեք միջազգային իրավունքին հետևելը չի եղել բացարձակ երաշխիք, ամեն ինչ որոշել է ուժի բալանսը, իսկ հիմա, երբ գերտերությունները կոնսենսուս չունեն, խախտում են բոլոր կանոնները, աշխարհակարգը փլուզվում է, այս պայմաններում ասել, որ մենք կհետևենք միջազգային իրավունքին և դա կլինի մեր անվտանգության երաշխիքը, նշանակում է մենք գործ ունենք անմեղսունակ մարդու հետ։
Աշխարհակարգի փլուզման պայմաններում Փաշինյանը հերթական անգամ թիրախավորում է բանակը, իբրև թե մեր բոլոր խնդիրների պատճառը ուժեղ բանակ ունենալու մոլուցքն է, մինչդեռ սա Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է, դու առնվազն պետք է ունենաս այնպիսի բանակ, որը հնարավոր ագրեսորին մտածելու տեղիք կտա, որ այդ ագրեսիան իր համար թանկ է արժենալու։ Գիշատիչներով շրջապատված մեզ պահենք վերջին ռոմանտիկների նման, թե միջազգային իրավունքը մեզ կպաշտպանի. Փաշինյանի հիմարության հերթական դրսևորումն է»,- նշել է Զուրաբյանը: