05/12/2024 17:50
Արևմտամոլները կամ սուտի արևմտամետները պատրաստ են Հայաստանը զոհաբերել նեոլիբերալիզմի հաղթանակի համար. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Հոգեբանական այս տրավմատիկ վիճակում մեր հանրությունը հակված է պատրանքներին հավատալուն, դրանից, իհարկե, օգտվում են քարոզիչները, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Հարցը պարզ է՝ Արևմուտքը պատրա՞տ է մեր անվտանգության երաշխավորը դառնալ, եթե թշնամանալու ենք Ռուսաստանի, Իրանի հետ, և դառնալու ենք Արևմուտքի բաստիոն, ապա դա ենթադրում է համարժեք լուրջ ներդրում և նվիրվածություն Արևմուտքի կողմից։ Ակնհայտ է, որ Արևմուտքում չեն ուզում անգամ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառել, դա քիչ է, նաև լուրջ տնտեսական ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ։ Կեղծ արևմտամետներն ուզում են, որ մենք ապրենք պատրանքով, թե Արևմուտքն իր շահերն անտեսելու է ու պարզապես ժողովրդավարությունը պաշտպանելու համար վատթարացնելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունները»,- ասել է նա:
«Արևմտամոլները կամ սուտի արևմտամետները պատրաստ են զինվորագրվել նեոլիբերալ համաշխարհային օրակարգին, մեր կուսակցությունն էլ ազատական է, բայց մենք պատրաստ չենք Հայաստանը զոհաբերել լիբերալիզմի հաղթանակի համար»,- հավելել է Զուրաբյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։