05/12/2024 13:24
Ամեն մարդ ազատ է իր տանն իր կնոջ, ընկերուհու հետ, բայց տենց բաներն անընդունելի են, մի ստիպեք ասել, նախ՝ ամաչում եմ, հետո՝ չեմ ասի. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի «բարոյական նորմ» խախտելու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից հեռացնելու պատճառները չեն գտնվել նրանից հետո, երբ նա մերժել է Նիկոլ Փաշինյանին։ «Մենք չգիտեինք՝ ով է արտահոսք տալիս, անհանգստացանք, երբ իմացանք»,-ասաց նա։
Հարցին, որ եթե իր հեռախոսը ուսումնասիրեն, շատ բան չե՞ն իմանա՝ Սիմոնյանը պնդեց, որ կարող են վերցնել և ոչ մի բան չեն գտնի։
Դիտարկմանը, թե որևէ գաղտնի ինֆորմացիա, բարոյական նորմ, պետական գաղտնիք չեն գտնի՞՝ Սիմոնյանը պատասխանեց. «Բարոյական նորմի մասին եկեք չխոսենք, որովհետև ոչ մեկ բարոյական նորմ չի սահմանել, ամեն մեկն իր համար է բարոյական նորմ սահմանում»։
Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ են Աղազարյանի համար բարոյական նորմ սահմանել՝ ԱԺ նախագահը նշեց. «Ախր դուք չգիտեք է՜ ինչի մասին է խոսքը։ Չեմ կարող ձեզ փոխանցել, կամաչեմ պատմել, նույնիսկ իրար հետ խոսալուց, դրա մասին չենք ուզում խոսել»։
Դիտարկմանը, թե Աղազարյանն առաջարկում է հենց Ալեն Սիմոնյանին բացել ու կարդալ և նույնիսկ հնչեցնել ամբիոնից, քանի որ բարոյական նորմ խախտելը դրամատիկ են ներկայացնում՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ինչի՞ ա առաջարկում, թող ինքն անի։ Ես չեմ ուզում դրան ներկա լինել, մի անգամ եղել եմ, ինձ հերիքա։ Բոլոր մարդկանց անձնական կյանքն իրենց անձնական կյանքն է։ Ես հակառակ առաջարկով եմ հանդես գալիս, թող ինքը հրապարակի»,-ասաց նա։
Նա նշեց, որ խոսքն անձնական կյանքի մասին չի․ «Լուրջ եմ ասում փակեք այս թեման, անձնականի մասին չի խոսքը, ամեն մարդ ազատ է իր տանն իր կնոջ հետ, իր ընկերուհու հետ, ում հետ ուզում է, իրենց գործն է, ոչ մեկին չի վերաբերվի․ անձամբ ես ամենավերջին ձևերով կպայքարեմ դրա համար։ Չի կարա, մենք ազատ մարդիկ ենք, բայց տենց բաներն անընդունելի են, անքննելի են, էրեխեք մի ստիպեք ասեմ, նախ՝ ամաչում եմ, հետո՝ չեմ ասի»։
Իսկ թե այն, ինչ կարդացել են և որի համար ամաչում է պետության համար ի՞նչ վնաս է՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Երբ խոսում ես այլ երկրի քաղաքացու հետ և խոսում ես քո դեմքով, քո էջով և խոսում նենց բաների մասին որ ոչ միայն բարոյականության, կամ այլ խնդիրներ կարող է բերել, շատ հանգիստ կարող է մարդն այդ սքրին-շոթերը հրապարակի, ու ասի կամ քվեարկում ես սենց, կամ սա հրապարակում եմ»։
Հարցին համակարծի՞ք է վարչապետի հետ, որ Հովիկ Աղազարյանը պետք է մանդատից զրկվի՝ ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ՝ Հովիկ Աղազարյանը պետք է այն ժամանակ վայր դներ, ո՞նց կարելի է ՀՀ ընտրված ղեկավարի, իր թիմի ղեկավարի խնդրանքը մերժել»։