05/12/2024 08:49
«Հրապարակ». Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից, խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել` Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն և այսուհետ ծպտուն չհանեն` վախենան նույնիսկ լրագրողներին բարևելուց և Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։ Նիստում Աղազարյանին մեղադրել են նախևառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեև ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ` Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել և բարձրաձայն վրդովված խոսելով` հեռացել։
Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից և խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, և բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։ Երեկ նա ամբիոնից խոստովանեց. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ այդ նպատակին հասնելու համար»։ Ի դեպ, երեկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքում նյարդային էր պահել իրեն լրագրողներից մեկի նկատմամբ, միջադեպից քիչ անց լրագրողի մոտ էր շտապել ԱԺ նախագահը և առաջարկել բողոք գրել»։