05/12/2024 12:45
Մարզերում պետք է ուժեղացնել քոլեջների ենթակառուցվածքը՝ հաշվի առնելով տվյալ մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները (Տեսանյութ)
Եթե քոլեջի դասախոսը կամ արտադրական վարպետն ատեստավորումն անցնում է, աշխատավարձը կրկնապատկվում է, իսկ եթե այդ ատեստավորումն անցավ 70 և բարձր տոկոսներով, ևս 50 տոկոսով է բարձրանում աշխատավարձը, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ սա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում այն շրջադարձային կետերից մեկն է, որը մենք պլանավորել ենք կրթության ոլորտի մինչև 2030 թվականի ռազմավարական զարգացման մեջ: Ուզում եմ մի քանի բան ասել այդ մասով, մանավանդ «Ակադեմիական քաղաք»-ի շրջանակներում այդ հարցը շատ է քննարկվում: Մենք կարծում ենք, որ մարզերում պետք է ուժեղացնել քոլեջների ենթակառուցվածքը՝ հաշվի առնելով տվյալ մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները»,-ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ մարզերից միգրացիայի պատճառ շատ դեպքերում կրթությունն է դառնում. «Նախ կրթական համակարգը մարզային տրամաբանությամբ այդքան էլ նախագծված չէ, էլ չեմ ասում, որ մեր կրթական համակարգում կան իրողություններ, որոնց մասով շատ զարմանում ենք: Օրինակ՝ գյուղատնտեսական ուղղվածության համալսարաններում կարող է լինել իրավաբանության ֆակուլտետ, որտեղ մարդիկ կարող են գնալ և իրավաբանի որակավարում ստանալ։ Որակի մասին չեմ էլ խոսում: Մեր նպատակն այն է, որ տեղում սովորի ուսանողը և տեղում էլ աշխատանք գտնի: Ես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է»: