06/12/2024 12:05
Մեռած ձևանալու տարբերակը, ինչպես անում է Փաշինյանը, չի աշխատելու. մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում. Մամիջանյան (Տեսանյութ)
Բանակցային գործընթացի վերաբերյալ իշխանություններից տեղեկատվություն չեն տրամադրում, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը, ցավոք սրտի, կարմիր գծեր չունի. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Վախենում է հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում դրա համար հավելյալ սուտ ստիպված լինի հորինել։ Իսկ կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից, ինչպես աստղերի հետևից են վազում»,-ասաց նա։
Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանին պետք է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն». «Այդ թուղթը բացառապես կեղծ է լինելու, ոչ մի կապ չի ունենալու իրականության հետ՝ տակը Ալիևի «ավտոգրաֆը», որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ անի։ Ահա թե ինչու չեն պատասխանում»։
Անդրադառնալով Ալիևի նոր պահանջներին՝ այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզ առաջ քաշելուն, որին իշխանությունները չեն պատասխանում՝ Մամիջանյանն ասաց, որ եթե իրենք դա չեն անում, ապա պետք է ընդդիմությունը պատասխանի։
«Անընդունելի է հավասարության նշան դնելը երկու գործընթացների միջև, մի շարք պատճառներով՝ սկսած բարոյականից»,-ասաց նա և ծանոթացրեց առկա նյութերին, թե ինչպես է իրականացվել Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիների հեռացումը։
«Կան փաստաթղթեր, որ նրանց փոխհատուցումներ են տրվել, փաստաթղթեր, որ տրանսպորտ է տրվել, ապահովվել է նրանց անվտանգությունը, իրենք իրենց գույքը հետները տարել են, և համեմատենք՝ Խորհրդային Ադրբեջանում ինչպես է իրականցվել՝ հրահրված բախումներ, սպանություններ, այստեղ որևէ զուգահեռ չկա»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ինքը չի տեսնում Ադրբեջանի կողմից բարի կամքի որևէ դրսևորում. գերիները չեն ազատվում, ՀՀ սուվերեն տարածքում շարունակում են մնալ ադրբեջանցի զինյալները, պետական մակրադակով հակահայկական հռետորինկա է իրականցվում, Ադրբեջանի ԱԳ նխարարը մասնակցում է, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի ինչ-որ միջոցառման և այդտեղ ինչ-որ պայմաններ հնչեցնում ՀՀ-ին։
«Տարբերակը մեռած ձևանալու, ինչպես անում է Փաշինյանը, չի աշխատելու։ Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, առհասարակ, ոչ մի երկրի հետ չեն բանակցում, դու պետք է հստակ քո կարմիր գծերը նշես»,-ասաց նա։