06/12/2024 09:10
«Ժողովուրդ». Ի՞նչ տեսք ունի հեղափոխական իշխանության «պադավատապետությունը»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում «պադավատապետությունը», ի դեմս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ապացուցված է։ Նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել էր տեսանյութ և գրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։
Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը, ինչպես սիրում էր հեղափոխության ժամանակ ասել, նշեց, որ ծառայողական մեքենաները կրճատելու են և վերջ դնեն «պադավատապետությանը», և սա արվում է բյուջեի գումարներն անիմաստ չմսխելու համար։
Նիկոլ Փաշինյանի պայքարի ֆոնին «պադավատապետությունն» այնքան ուժգին ամրացավ, որ պաշտոնյաները սկսեցին ծառայողական մեքենաները ծառայեցնել անձնական շահի համար, ինչպես օրերս արել է ՀՊՏՀ ռեկտորը։
Բանն այն է, որ Shamshyan.com-ը գրել էր, թե դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Honda մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Հարկ է նշել, որ մեքենան գրանցված է եղել Գրիգորյանի վարորդի անունով։
Տեղեկացանք նաև, որ ռեկտոր Գրիգորյանը պարբերաբար պետության հաշվեկշռում գտնվող մեքենան օգտագործել է սեփական շահերի սպասարկման համար։ Սա բավական չէ՝ ոչ աշխատանքային ժամին վարելով ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին կցված մեքենան՝ վթարի էպիկենտրոնում է հայտնվել և վնասվածքներ է ստացել։ Ահա թե ինչ տեսք ունի հեղափոխական իշխանության «պադավատապետությունը», երբ ծառայողական մեքենայով ոչ աշխատանքային ժամին, ինչպես կասեր Փաշինյանը՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը։
Հետաքրքիր է, թե այս երևույթին ինչպես է վերաբերվում Փաշինյանը, և արդյոք հայտնի ցուցակում կան նաև բուհերի ռեկտորները»։