11/12/2024 21:37
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության․ Ինգուրի հիդրոէլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը՝ ջրի խիստ ցածր մակարդակի պատճառով։
«Ջրամբարում ջրի կրիտիկական մակարդակի և ջրի անբավարար ներհոսքի պատճառով Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը ստիպված է եղել վթարային անջատում կատարել։ Կայուն էներգամատակարարում ապահովելու նպատակով նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարման նոր ժամանակացույց սահմանել»,- հայտնել են «Չեռնոմորէներգո»-ից։
Նշենք, որ ԻնգուրՀԷԿ-ը Աբխազիան սնուցող միակ կայանն է։
Նոյեմբերի 1-ից Աբխազիայում գործում են էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ։ Դեֆիցիտը մասնակիորեն ծածկելու համար Աբխազիան էլեկտրաէներգիա է գնում Ռուսաստանից, ինչն օրական կտրվածքով կազմում է 15 միլիոն ռուբլի։ Այս գումարը չի ներառվել 2024 թվականի բյուջեում, ուստի Աբխազիայի կառավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկում՝ միջոցներ գտնելու համար։ Էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով սահմանվել է հովհարային ռեժիմ։ Երկուշաբթի օրվանից Աբխազիայում սպառողները ցերեկային ժամերին էլեկտրաէներգիա են ստանում ընդամենը 4 ժամ 40 րոպե, իսկ գիշերային ժամերին՝ 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ն՝ Մոսկվայի ժամանակով։