Այսօր, 10:35
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը
Դեկտեմբերի 10-ին` «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավի վերջին և Մարդու իրավունքների միջազգային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։
Բացման խոսքի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է միջոցառման հիմնական նպատակը և կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ ՄԻՊ կողմից իրականացվող քայլերը։
Ըստ Պաշտպանի՝ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր են իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարումը:
«Այս խորհրդանշական օրը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով բռնությունը, ընտանեկան բռնությունը, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը: Ընդ որում՝ խոսքը բռնության բոլոր տեսակների, այլ ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը, ոլորտի խնդիրները լուծելու տեսանկյունից, ընդգծել է մարդու իրավունքների կրթության բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ ճանապարհով առկա կարծրատիպերի հաղթահարումը՝ կարևորելով նաև ուսանողների դերը, ովքեր խնդիրները հաղթահարելու մեծ ներուժ ունեն:
Հենց այս նպատակով էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ազդարարել է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել իրավագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները։