Այսօր, 13:32
Հայաստանը Ռուսաստանի համար չափազանց կարևոր երկիր է և որպես կապող օղակ պետք է եվրասիական մեծ նախագծի համար. Սերգեյ Մարկեդոնով
Հայ-ռուսական հարաբերությունները թերևս ամենադժվար կետում են. «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային բարեփոխումների համատեքստում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով համաժողովում հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Ռուսաստանը և Հայաստանը ինչ-որ առումով նույնիսկ ճգնաժամային հարաբերությունների մեջ են, որովհետև առանցքային հարցերում երկկողմ ստրատեգիական գործընկերությունը կասկածի տակ է դրված»,-ասաց նա։
Թե ինչ եզրահանգումների կարող են գալ, ըստ նրա, տարբեր կարծքիներ են հնչում, ընդհուպ ռադիկալ քայլերի գնալ և խզել հարաբերությունները։ Մինչդեռ քաղաքագետի համոզմամբ՝ գործընթացները բոլորովին էլ տանուլ տրված չեն, իսկ քաղաքական գործիչները հավերժ չեն, նրանք փոխվում են, բայց հարաբերությունները պետք է մնան։
Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար, նրա խոսքով, պետք է երկու հարցի պատասխան տալ՝ Հայաստանի ինչի՞ն է պետք Ռուսաստանը, և Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանը։ Առանց այս հարցերի պատասխանների՝ ոչինչ չի ստացվի։
Սերգեյ Մարկեդոնովը նշեց՝ եթե մտքեր են հնչում, որ ՀԱՊԿ-ը ոչ թե պարզապես անարդյունավետ կառույց է, այլ այն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ապա դա բոլորովին այլ իրավիճակ է։
«Նախքան ձեր ուշադրությունը Ռուսաստանի վրա ուղղելը, որը բացթողում է ունեցել, դուք պետք է հարց տաք՝ ո՞րն է որակյալ այլընտրանքը: Ես հիմա Արևմուտքից որակյալ առաջարկներ չեմ տեսնում։ Ավելին՝ ամերիկացի դիվանագետները բավականին կոնկրետ ասացին, որ Կովկասում խաղաղության հիմնական նպատակը նաև այլընտրանքային ճանապարհն է դեպի Ռուսաստան և Չինաստան։ Այստեղ ի՞նչը պարզ չէ»,-ասաց նա:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար չափազանց կարևոր երկիր է։ «Ռուսաստանին Հայաստանը պետք է որպես եվրասիական մեծ նախագծի համար կապող օղակ, ինչպես նաև Կովկասում իր ներկայության համար»,- ասաց Մարկեդոնովը։