Այսօր, 14:13
Ընդդիմադիրը ես չեմ՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է. հազարավոր քաղաքացիներ, անարդար փոփոխությունից հետո, այլևս չեն ընտրելու ՔՊ-ին. Նաիրի Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարել է՝ ոչ թե ինքն է ընդդիմադիրը, այլ՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Տաքսու վարորդն ինձ ասում է․«Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել-գնալ»։
Դա մոտավոր սեպտեմբեր ամիսն էր, ես առաջին անգամ էի լսում այդ հարկի մասին։ Սեփական պետության նկատմամբ այդ վարորդի վերաբերմունքից ազդվել էի և որոշեցի հասկանալ՝ իրականում ինչքան հարկ է սահմանվել, որ ցանկանում է լքել երկիրը։
Պարզվեց, որ սահմանվել է պետական տուրք՝ այս տարի 2% է, մյուս տարվանից 3,5%։ Այսինքն՝ 1000 դրամանոց պատվերից 35 դրամ։
«Յանդեքս» տաքսի ծառայությունը, որի միջոցով ես կանչել էի այդ վարորդին, նրանից միջնորդավճար է վերցնում 20%, 1000 դրամից 200 դրամ։
Փաստորեն, նա պատրաստ է 5 անգամ ավելի վճարել մասնավոր ընկերությանը, բայց չի ցանկանում հարկ վճարել։
Ես կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ ճանապարհ է որդեգրել, և հզոր պետություն ունենալու համար ցանկացած եկամուտ ստացող պետք է հարկ վճարի։
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%:
Ես այս թեմայով շատ մանրամասն ելույթ ունեցա ԱԺ-ի լսումների ժամանակ, որին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց նախագիծը զեկուցողը։ Ավելին՝ հաստատեց, որ իմ հաշվարկը ճիշտ է, թեպետ, պարզ թվաբանական հաշվարկի ի՞նչը կարող է սխալ լինել:
Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում, ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին:
Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող:
Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած է» (06.12.2019թ):
Հարցնում են, բա ի՞նչ անենք, որ շրջանառության հարկ վճարողներն ագրեսիվ հարկային քաղաքականությամբ չնվազեցնեն շահութահարկ վճարողների հարկային բազան և չգտնվեն արտոնյալ դիրքում՝ նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողների նկատմամբ, պատասխանը հետևյալն է՝ բարձրացրեք շրջանառության հարկը, ընդհուպ 15%: Թող իրենք որոշեն՝ աշխատեն շրջանառությա՞ն հարկով, թե՞ ԱԱՀ-ով: Այս դեպքում նույնպես հարկի բարձրացումը պատիկներով կլինի, բայց գոնե հիմնավորում կունենա և համեմատաբար տանելի կլինի»,- Facebook-ում գրել է Սարգսյանը։