Այսօր, 11:43
«Քաղաքական հալածանքներ» եզրույթին այդքան էլ կողմնակից չեմ. Հովիկ Աղազարյան
ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ գնահատական չի տալիս՝ իր նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետպանդո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք իր իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ։
«Գոյություն ունեն տարատեսակ ու տարաբնույթ վարույթներ, հետևաբար, ես հիմա նպատակահարմար չեմ համարում այդ հարցերի շուրջ խոսել։ Մենք ինքներս նախաձեռնել ենք իրավական որոշակի գործընթացներ, որոնք այդ ամեն ինչի վրա լույս կսփռեն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Աղազարյանը «քաղաքական հալածանքներ» եզրույթին այդքան էլ կողմնակից չէ։
«Տեղի, անտեղի այդ բանը շահարկելն իմաստ չունի, մինչև այս հարցերը՝ մանր եղջերավորների հետ կապված ես որպես վկա էի, հետևաբար, ես միշտ զուսպ եմ եղել այդ եզրույթի հետ կապված, որովհետև ամեն ինչ կարելի է դրա տակ դնել։ Ամեն ինչ պետք է պարզի համապատասխան քննությունը, ամեն ինչ պետք է գնա իրավական ճանապարհով ու լուծում ստանա»,- նշեց նա։
ՔՊ-ից հեռացված Աղազարյանը չպատասխանեց հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացա՞ծ է. «Չպատասխանեմ այդ հարցին»։
ՔՊ-ականների հետ հարաբերություններում ամեն բան առաջվանը չէ, ջերմություն էլ չկա։
Հիշեցնենք՝ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը երեկ՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա շրջանակներում, խորհրդանշական բողոքի ակցիա էր կազմակերպել Բռնադատվածների հուշահամալիրի մոտ։ Քաղբանտարկյալների, քաղհալածյալների նկատմամբ հարգանքի գաղափարով՝ իրավապաշտպանները հուշակոթողի մոտ քաղբանտարկյալների անունները պարունակող ծրարներով տոնածառ տեղադրեցին։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ Հովիկ Աղազարյանն էլ կարող էր միջոցառմանը մասնակցել, քանի որ «միջոցառումը քաղաքական հետապնդումների ենթարկվածների մասին է»։
«Քաղաքական իրավունքները և հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարել էր, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է քաղաքական շարժառիթներով։