Այսօր, 09:01
«Հրապարակ». Մայր բուհը, որն իրավաբանական ծառայություն, իրավագիտության ֆակուլտետ ունի, չի կարողացել գրագետ հայց գրել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Հայցվորը Երևանի պետական համալսարանն է: Դատարանը մերժել է ԵՊՀ հայցը, մեր օգտին անգամ 300 հազար դրամ փոխհատուցում սահմանել` որպես փաստաբանի ծառայությունների խելամիտ վարձատրության գումար: Չանդրադառնալով բուն հրապարակմանը, նշենք միայն այն, որ մայր բուհը, որը հսկա աշխատակազմ ունի, իրավաբանական ծառայություն, իրավագիտության ֆակուլտետ, չի կարողացել գրագետ հայց գրել, պահպանել դատարան դիմելու տարրական կանոնները, օրենքով առաջնորդվել և խելամիտ պահանջ ներկայացնել դատարան: Եվ դատարանների ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում մի անհեռանկար վեճով շուրջ 1 տարի զբաղեցրել է դատարանին:
Ի դեպ, ԵՊՀ-ն միակը չէ․ «Հրապարակը» մի «դարակազմիկ» դատական վեճ էլ ունի Ագրարային համալսարանի հետ, որի ներկայացուցչի գրությունները` ուղղված դատարանին, Իլֆ-Պետրովի գրչին արժանի ստեղծագործություններն են հիշեցնում: Ագրարայինի պարտությունից հետո կհրապարակենք նրանց ներկայացուցչի մտքի գոհարները»։