Այսօր, 12:01
ՀՀ և ՌԴ ընդհանուր պատմական հիշողությունն արդի միջազգային անորոշության պայմաններում կարող է լավ կողմնորոշիչ ծառայել. ՄԳԻՄՕ-ի ռեկտոր
Հումանիտար փոխգործակցության ընդլայնման համատեղ աշխատանքը թույլ է տալիս ամրացնել վստահությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև արագ փոփոխվող աշխարհի պայմաններում։ Այս մասին նշվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովի նամակում, որը «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը և ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում ընթերցել է բուհի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը։
«Ռուսական դիվանագիտությունը և հայկական մշակույթը սերտ կապված են պատմականորեն։ 2025թ. մենք նշելու ենք հանրահայտ Լազարյան ինստիտուտի հիմնադրման 210-ամյակը, որը դարձել է Ռուսական Կայսրության արևելագետների և դիվանագետների դարբնոցը։
Լազարյան ինստիտուտի հիմնադիրներ են դարձել հայ ձեռներեցներ Լազարևները։ Լազարյան ինստիտուտում ստեղծված ավանդույթները որոշակի ազդեցություն են գործել ռուսական արևելագիտության վրա։ Այդ ավանդույթները ժառանգել է նաեւ Լազարյան ինստիտուտի հաջորդը՝ ՄԳԻՄՕ համալսարանը։
Ընդհանուր պատմական հիշողությունը և հարուստ մշակութային ժառանգությունը կարող են լավ կողմնորոշիչ ծառայել արդի միջազգային անորոշության պայմաններում։ Դրանք արտացոլում են անցյալի դասերը և մեր նախնիների ընտրությունը, որոնց ուշադիր ուսումնասիրումն այսօր օգնում է ռազմավարական մտածողությանը։
Համոզված եմ, որ կոնֆերանսը կնպաստի կարծիքների արդյունավետ փոխանակմանը, նոր գաղափարների մշակմանը, մեր երկրների փորձագիտական հանրույթների համախմբմանը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման»,- նշված է նամակում։