Այսօր, 09:11
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իր վարորդին ձևակերպել է խորհրդական-օգնական և ուղարկել ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել: ՀՀ ԱԺ թերևս ամենասկանդալային նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուղեկցում է Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձևակերպված Համլետ Գևորգյանը։
Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գևորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի և նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։
Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը և Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երևանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես տեղեկանալ, թե ինչպես է ԱԺ նախագահի՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող խորհրդական-օգնականը, աշխատանքի գալու փոխարեն, ԱՄՆ մեկնել և ինչու ԱԺ կայքում նրա գործուղման մասին ոչինչ չկա նշված:
«Համլետ Գևորգյանը գտնվում է արձակուրդում: ԱՄՆ մեկնել է իր հաշվին, իր միջոցներով, հենց այս պատճառով ԱԺ կայքում ոչինչ չկա այդ մասին»,- պարզաբանեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Հավելենք, որ դատելով լուսանկարներից՝ Ալեն Սիմոնյանի օգնական- խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու և խորհուրդներ տալու համար փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը: Ի դեպ, Համլետը, մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը, Ալեն Սիմոնյանի վարորդն էր»։