Այսօր, 15:58
Իշխանության ներսում կան տարբեր թևեր, որոնք աշխարհաքաղաքական տարբեր ուժերի ազդեցության կարող են ենթարկվել. Հակոբ Բադալյան (Տեսանյութ)
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Հայաստանի հետ խաղաղության հասնելու խոչընդոտներ է թվարկել, այդ թվում՝ Հայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը. «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Հարցին, թե ի՞նչ է ակնարկում Բաքուն միասնական դիրքորոշման բացակայություն ասելով՝ քաղաքական վերլուծաբանը պատասխանել է․
«Կարծում եմ՝ նորություն չէ, որ իշխանության ներսում կան տարբեր թևեր, որոնք տարբեր աշխարհաքաղաքական ազդեցությունների կարող են ենթարկվել։ Ինչպես և որքանով են դրանք արտահայտվում բանակցային գործըթնացում՝ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ Երևանից պետք է պաշտոնական որևէ արձագանք լիներ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարության առնչությամբ՝ համարժեք մակարդակով, այսինքն՝ ոչ բարձր։ Հատկանշականն այն է, որ ադրբեջանցի պաշտոնյայի այդ հայտարարություններին հաջորդեց Փաշինյանի գրառումը՝ X-ում։ Փաստորեն, Հայաստանն արձագանքեց բարձր մակարդակով և հաշվի առնելով, որ խոսքն ուղղված էր անգլախոս լսարանին, կարծում եմ՝ Երևանը համարում է, որ այն տրամադրությունները, որ Ադրբեջանը փորձում է առաջ բերել, ունեն միջազգային օրակարգում ընկալվելու ռիսկ։ Ամբողջ հարցն այն է՝ Երևանը միայն այդ գրառումներո՞վ է փորձում կառավարել այդ ռիսկը, թե՞ փորձ է արվում նաև այլ մեխանիզմներով կառավարել։
Կարծում եմ՝ շատ վտանգավոր էր այն արագացվածությունը, որ կար վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի գործընթացի առումով, որովհետև շատ լավ պատկերացնում ենք՝ ինչ ահռելի բարդ գործընթաց է համաձայնության հասնելը, առավել ևս՝ հավասարակշռված համաձայնության, այն էլ այն դեպքում, երբ կա ուժերի հսկայական դիսբալանս և նաև այն դեպքում, երբ միջնորդները սահուն, հմուտ կերպով հետ քաշվեցին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։