13/12/2024 11:18
«Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել․ քաղաքացիներից մեկը փորձել է ինքնահրկիզվել
Երևանի «Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել Aysor.am-ին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ։ Ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։
ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։
Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար»,-նշեց Սարգսյանը։