Այսօր, 13:01
Աշխատում ենք հանրային սննդի օբյեկտների հետ, որ վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակը. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ աղի մասին օրինագծի դեմ Հայաստանում ագրեսիվ ու լայնամասշտաբ արշավ սկսվեց։
Նա, սակայն, պնդում է, որ այս հարցով պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն։
«Հայաստանում մենք օգտագործում ենք կրկնակի չափով աղ, լուրջ քայլեր պետք է ձեռնարկել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ աշխատում են հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակ։ Նրա խոսքով՝ հանրային սննդի օբյեկտները կառուցողական են մոտենում հարցին։
Այս պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։
Ըստ նախագծի՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնել՝ առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում՝ տնտեսվարողը կտուգանվի։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: