Այսօր, 11:27
«Գումի» շուկայում լարված իրավիճակ է
Երևանի «Գումի» շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Ոստիկանները, ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են մսավաճառներին՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով։
Նրանք փորձեցին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։
Մսավաճառներից մեկն ասաց, որ ինքը Արարատի մարզի Վեդի քաղաքից է։ «Մի ցուլիկ էի մորթել, որ այսօր վաճառեմ, եկան տարան, 4 անչափահաս երեխա ունեմ, հիմա տարել են, որ վառեն, բա ես բանկերին ի՞նչ պատասխանեմ։ Վաղը, որ եկան ինձ տնից հանին, ես ինչ պատասխանեմ»։ Նա նշեց, որ մորթ իրականացնելու պայմաններ չունեն քաղաքում։
Մյուսն էլ հավելեց, որ ինքն ապրում է Շիրակի մարզում, այնտեղ ևս մորթ իրականացնելու պայմաններ չկան։
Առևտրական տղամարդկանցից մեկը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց։ «Ավելի լավ ա` ինձ վառեմ, քան էս միսն իմ ձեռքից տանեն»,-ասաց նա։
Իրավիճակը այնքան լարված էր, որ եկել էին նաև կարմիր բերետավորները:
Մի քանի մսավաճառների բերման ենթարկեցին։