Այսօր, 14:35
«Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, առավոտյան վիճակը կտրուկ վատացել է. ԲԿ
Ընդունման պահին 13-ամյա երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության, գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով. այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեցին Վանաձոր ԲԿ-ից՝ ցավակցելով մահացած երեխայի հարազատներին և ընտանիքի անդամներին։
«Անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։ Ելնելով վիճակից, ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ՝ ախտորոշման հստակեցման և բուժական տակտիկայի վարման հետ կապված: Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում:
Առավոտյան 06:26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել են բաժանմունքի վարիչ Ա. Համբարյանը եւ մանկական ռեանիմատոլոգ Ի. Անտոնյանը: Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային եւ վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան:
Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը՝ կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,-ասացին ԲԿ-ից։