14/12/2024 18:22
Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան
«Ակնհայտ է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան այդ գործընթացն իր և Ադրբեջանի պահանջները բավարարելուն ծառայեցնելով»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են ուժի սպառնալիքի վրա կառուցված քաղաքականություն՝ Շուշիի հռչակագրով ամրագրված հակահայկական նպատակներին ու պանթուրանական ծրագրերին համահունչ»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրեց՝ այս ռազմավարության բուն իմաստը Մեծ Թուրանի գաղափարով՝ թուրքալեզու երկրների համախմբումն է, իսկ աշխարհաքաղաքական տարածքում գտնվող մյուս երկրների՝ թուրքացումը՝ այսպես կոչված «փափուկ ուժի» մարտավարության միջոցով։
«Հետևողականորեն շարժվելով այդ ուղղությամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը արդեն հասցրել է հայաթափել Արցախը և պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թուրքացումը»,- նշեց Արմեն Ռուստամյանը։
Այս պայմաններում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս Հայաստանից կենսական զիջումներ պահանջող վերջնագրերով, ՀՀ գործող իշխանությունը, Արմեն Ռուստամյանի խոսքով, ամեն գնով խաղաղության հասնելու իր ձգտումների իրականացումը հնարավոր է համարում միայն թուրք-ադրբեջանական պահանջներն ամբողջությամբ բավարարելու դեպքում։
«Եվ բոլորովին պատահական չէ, որ այս իշխանությունները ձեռնամուխ են եղել այդ պահանջները հիմնավորելուն և կատարելուն։ Փաստացի, այս վարչախումբը լծվել է թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանելու գործին, որովհետև այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ։ Սրա ամենավերջին վկայություններից մեկը Փաշինյանի ինքնաբացահայտումն էր՝ կապված Անկախության հռչակագրի վերաբերյալ իր համոզումների հետ։ Ոչ ավելի, ոչ պակաաս՝ հայտարարում է, թե մեր հիմնարար փաստաթուղթը պետություն չունենալու մասին է, քանի որ այն կոնֆլիկտներ է առաջացնում հարևանների հետ։ Իսկ քանի որ հայ ժողովուրդն իր շահերն ու իղձերն է ձևավորել այդ փաստաթղթի մեջ, ուրեմն, ըստ այդ անձի, մեր շահերը պաշտպանելը սպառնալիք է մեր գոյությանը, ուստի իր ենթադրյալ լուծումը մեկն է՝ հրաժարվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիր առաջացնող մեր շահերից և այդպիսով՝ ազատվել նրանց հետ ունեցած մեր կոնֆլիկտներից։ Սա է նրա «խաղաղության բանաձևը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։