Այսօր, 18:43
ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել
Ճապոնիայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է Ճապոնիայի հարավային Օկինավա կղզուց իր ծովային հետևակի մի մասին Խաղաղօվկիանոսյան Գուամ կղզի տեղափոխելու մասին․ Գուամը պատկանում է Վաշինգտոնին։ Առայժմ հայտնի է առաջին 100 տեղափոխվածների մասին։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է Գուամ տեղափոխել ավելի քան 4 հազար զինվորականի։ Ներկայումս Օկինավայում տեղակայված է մոտ 19 հազար ամերիկյաան ծովային հետևակ՝ արագ արձագանքման ստորաբաժանման կազմում։ Նրանց մի մասին Գուամ տեղափոխելու ծրագիրը համաձայնեցվել է դեռևս 2012 թվականին, սակայն իրականացումը մինչև այժմ հետաձգվում էր։ Ամերիկային պատկանող Գուամ կղզում ծովային հետևակայիններին տեղակայելու համար հատուկ ռազմաբազա կկառուցվի, այդ թվում՝ ճապոնական ֆինանսավորմամբ։ Ռազմաբազայի կառուցումն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև 2026 թվականը։ Ռամզաբազայի մոտ կլինեն նոր ճանապարհներ և ենթակառուցվածքներ։
Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների մեծ մասը կենտրոնացած է Օկինավայում, ինչը տեղի բնակչության դժգոհությունն է առաջացնում, պաարբերաբար միջադեպեր են գրանցվում։ Այս շաբաթ ամերիկացի մի զինծառայող է դատապարտվել ազատազրկման՝ Օկինավայում աշակերտուհուն առևանգելու և բռնաբարելու մեղադրանքով։