14/12/2024 17:43
«Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է․ Հավերժական կատեգորիան ազգն է՝ նրա նպատակներն ու գաղափարները»․ Կարեն Միրզոյան
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է նաև Արցախում տեղի ունեցած ողբերգության մասին ավելի բարձր, ավելի հետևողական խոսելու համար»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։
«Ես համոզված եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ մեր ժողովրդի մի զանգվածի հայրենազրկումն իր հայրենիքից, որտեղ այդ ժողովուրդն ապրել է հազարամյակներով, նրանց մի մասի ուղղակի ոչնչացում, այնպիսի պայմանների ստեղծում, որոնք արցախահայության գոյությունն իրենց հայրենիքում՝ Արցախում, դարձրին անհնարին, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Եվ դրա մասին մենք պետք է բարձրաձայնենք, պետք է խոսենք»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը։
Նա նշեց նաև՝ Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունը դիսոնանսի մեջ է հանրային այս պահանջի հետ, սակայն դա չպետք է մեզ կանգնեցնի։
«Ի վերջո, ցանկացած իշխանություն գալիս և գնում է։ Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է, իսկ հավերժական կատեգորիան ազգն է և նրա նպատակներն ու գաղափարները»,- ասաց Արցախի ԱԳ նախկին նախարարը։