Այսօր, 11:02
Քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է, իսկ թուրքերի պարագայում նաև` պատմությունը «սրբագրելու» լավագույն գործիք. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է, իսկ թուրքերի պարագայում նաև` պատմությունը «սրբագրելու» լավագույն գործիք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Թուրքիայի Սաքարիա քաղաքում իր կուսակիցների առջև ունեցած ելույթում խոստացել է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները և սիրիական տարածքները (նախկին օսմանյան նահանգները) միացնել Թուրքիային։
Մի պահ, մտորելու համար, հիպոթեթիկ պատկերացրեք մենք էլ Թուրքիայի նախագահի պես, անդրադարձ ենք կատարում Առաջին համախարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և, օրինակ` ի լուր աշխարհի ընգծում ենք մեր երկրի պատմական շարունակականության կարևորությունը և հարգելով ու գնահատելով մեր պատմական ժառանգությունը, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հայտարարում ենք 1918 թվականի մայիսի 28-ին ձևավորված անկախ Հայաստանի (Առաջին) Հանրապետության անմիջական ժառանգորդն ու իրավահաջորդը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ոչ թե «հետխորհրդային երկիր», այլ՝ «նախախորհրդային» երկիր:
Այնուհետև, որպես վերոհիյալ հայտարարության տրամաբանական շարունակություն, կրկին ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես 1914-18թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետություն, հանդիսանալով 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագրի կողմ, հետամուտ է լինելու Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիայի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ԱՄՆ-ին վերապահված արբիտրաժային իրավասությունների շրջանակում կայացված իրավարար վճռի իրագործմանը:
Եթե Առաջին համաշխարհային պատերազմում պարտված երկիրը ցանկանում է այսօրվա «ձեռքբերումների» ֆոնին սրբագրել իր պարտությունը, ապա կարո՞ղ ենք մենք արդյոք (կրկին` հիպոթետիկ) առնվազն քննարկման առարկա դաձնել մեր` որպես Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով հայրենազրկված ու ցեղասպանված ժողովուրդ, բայցևայնպես` հաղթանակած երկիր, միջազգային իրավունքի ուժով «հասանելիք» հատուցումների ստացման իրավունքը:
Չնայած, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս «անհնարինը հնարավոր դարձնելու» փոխարեն սկսելու ենք մենք մեր ներսում վիճարկել մեր իրավունքների իրավունակությունն ու գործունակությունը, չտեսնելով (կամ չտեսնելու տալով) ուրիշների` գոյություն չունեցողը օրակարգ դարձնելու հմուտ քաղաքականությունն ու վարքագիծը»: