Այսօր, 21:34
Երևանյան լճի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին, նրա հարևանությամբ էլ՝ «Infinity» և «06» մակնիշի ավտոմեքենաներ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյանց փողոցում երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու մարմին, իսկ նրա հարևանությամբ էլ «Infinity» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով ու հիմա Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզում են այդ տեղեկությունը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։