16/12/2024 10:06
Աշխարհում չկա երկրորդ երկիր, որի ղեկավարումը ստանձնած անձն անվտանգային սպառնալիքների պայմաններում այդքան հարվածի սեփական բանակին․Պատգամավոր
ՌԴ-ում վերջին մեկ տարվա ընթացքում տասնյակներով բարձրաստիճան զինվորականներ պաշտոններից հեռացվեցին, շատերի նկատմամբ, այդ թվում` նախարարի տեղակալների, վարչության պետերի, տարբեր հոդվածներով քրեական վարույթներ նախաձեռնվեցին (հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հոդվածներով), մեծ թվով զինվորականներ կալանավորվեցին:
Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ավելացնում, որ այդ ընթացքում ո´չ ՌԴ նախագահը, ո´չ քաղաքական վերնախավի մյուս դեմքերն արձանագրված դեպքերը չտարածեցին բոլոր զինվորականների նկատմամբ, այդ հիմքով բանակը որպես ամբողջություն չթիրախավորեցին, չվարկաբեկեցին և չանարգեցին:
«Ավելին, որևէ մեկի մտքով չանցավ բանակը երկրորդական ինստիտուտ հռչակել և հիշեցնել, որ նրանք պարտական են հարկ վճարողներին, ըստ այդմ` հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանությունը որպես մասնագիտություն ընտրած անձինք:
Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում:
Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի աշխարհագրական դիրքի, հարևանների անառողջ հավակնությունների և մշտական անվտանգային սպառնալիքների պայմաններում, երկրի ղեկավարումը ստանձնած անձը գաղափարական, քաղաքական, քարոզչական առումով այդքան հարվածի սեփական բանակին:
Այս իշխանությունը մեր երկիրը փորձում է դարձնել «բացառիկ» իրադարձություններով երկիր, սակայն ոչ թե երկրի իմիջի բարձրացման, հասարակական համերաշխության ապահովման, սահմանների անձեռնամխելիության ու անվտանգության աստիճանի բարձրացման տեսանկյունից, այլ պարտությունների շղթայի, կորուստների, բարոյական անկման և մյուս բոլոր կոմպոնենտների առումով», - գրել է նա։