Այսօր, 12:50
Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար), երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք՝ որպես կաշառք, կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը դրդել է դասախոսներին, որպեսզի վերջիններս ուսանողների հաճախումների հաշվառման մատյաններում չարձանագրեն վերոնշյալ ուսանողների բացակայությունները: Արդյունքում՝ ուսումնական հաստատությունից հեռացվելու փոխարեն՝ 1 միլիոն 152 հազար դրամին համարժեք վերանորոգման աշխատանքներ կազմակերպելու դիմաց, Տնօրենի նախկին պաշտոնակատարի հրամանով վերոնշյալ երկու ուսանողներն ապօրինի փոխադրվել են հերթական կուրս:
Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը կատարել է իրեն վստահված դրամական միջոցի հափշտակություն և պաշտոնեական կեղծիքներ:
Դատախազը 2024 թվականի դեկեմբերի 4-ին Տնօրենի նախկին պաշտոնակատարի նկատմամբ հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք ստանալը), 46-457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելուն դրդելը), ինչպես նաև 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (11 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` վստահված գույքը հափշտակելը) (11 դրվագ):
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատել է Տնօրենի նախկին պաշտոնակատարի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: