17/12/2024 17:11
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միանալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդին․
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից երախտագիտություն եմ հայտնում Շվեյցարիայի Ազգային խորհրդին, բանաձևի հեղինակ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին և խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին՝ Արցախի ժողովրդի իրավունքներին ցուցաբերած աջակցության համար։
Խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևը, որով գործադիրին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղության ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հավատարմությունը միջազգային իրավունքին ու արդարությանը և հույս հայտնում, որ այս գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատության միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցույց է տվել, որ հստակ գիտակցում է այս հարցի հրատապությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրության մնացած անդամներին միանալ Շվեյցարիայի՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը հասցեագրելու համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին։ Մենք հավատում ենք, որ համադրված միջազգային ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում»: