17/12/2024 14:06
Եթե թղթաբանությունը հասցնենք, կառավարության նիստին նշանակումը կլինի. Առուշանյանը՝ մարզպետ նշանակվելու մասին
Անցած չորեքշաբթի մանդատս վայր դնելու դիմում եմ գրել, գործընթացը 7 օր է տեղի ունենալու, եթե թղթաբանությունը հասցնենք, ապա մարզպետի նշանակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա կառավարության նիստին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով իր` Շիրակի մարզպետ նշանակվելուն։
Նա նշեց, որ Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն.«Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Մուրադյանին իր կատարած աշխատանքի համար։ Թե ինչից է դժգոհ եղել, ինչ խնդիրներ կային` չեմ կարող ասել»։
Դիտարկմանը, թե Մուշեղ Մուրադյանի համար, կարծես անակնկալ էր իր ազատումը, քանի որ կառավարության նիստից առաջ նա հերքում էր ազատման մասին լուրերը՝ Առուշանյանը պատասխանեց.«Չեմ կարող դա մեկնաբանել, միայն կասեմ, որ չեմ կարծում, որ պարոն Մուրադյանը դիմումը գրել է կառավարության նիստի ժամանակ։ Չի լինում այնպես, որ վարչապետը կառավարության նիստի ժամանակ որոշի, որ հեռացնում է։ Եթե դուք մտածում եք, որ անակնկալ էր պատրաստված, ապա միանշանակ՝ ոչ»։