Այսօր, 19:15
Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն։ Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է անձամբ Ասլանյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ կանի։ Խմբակցությունից հեռացնելուց հետո՝ իշխանականները Հակոբ Ասլանյանին կհեռացնեն նաև կուսակցությունից։
Հակոբ Ասլանյանը խմբակցությունից հեռացվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին։
Հայտարարությունից ընդամենը ժամեր հետո Հակոբ Ասլանյանն իր մեղայականը հրապարակեց, թե փոշմանել է, իսկ հայտարարությունն արել է տաք գլխով, ընդ որում, ինչպես Ասլանյանի հրապարակած screnshoot-ն էր մատնել, փոշմանելու տեքստը ուղարկել էր նրա հոգեզավակը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հակոբ Ասլանյանի այս աղմկահարույց հայտարարությունից հետո ուշ երեկոյան ՔՊ-ն հաշված ժամերի ընթացքում նիստ հրավիրեց և պատգամավորին մի լավ նեղը գցելուց հետո՝ նրան հեռացրեց խմբակցությունից։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: