Այսօր, 12:37
ՔԿՀ-ներում գտնվող 46 դատապարտյալ ՄԻԱՎ վարակ ունի
Կառավարության որոշմամբ, քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորվածներին եւ դատապարտյալներին բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն արդարադատության նախարարությունից անցած տարի հանվեց ու տրվեց ՀՀ առողջապահության նախարարությանը: Ազատազրկվածների առողջապահության կազմակերպումն այժմ իրականացվում է 9 բուժմասերի եւ կենտրոնական քրեակատարողական հիվանդանոցի միջոցով։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
Ինչպես «Հրապարակ»-ին ասել է առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը՝ 2024-ին բուժծառայությունից օգտվող 2 հազար 600 ազատազրկված անձ է եղել, մոտավորապես 5 հազար 300 անձի ընթացիկ բուժսպասարկում է կազմակերպվել։ Բուժօգնություն է կազմակերպվել Հեպատիտ C-ով վարակված 221, ՄԻԱՎ վարակ ունեցող 46 դատապարտյալի նկատմամբ։ Ըստ փոխնախարարի՝ ներկայում ՄԻԱՎ վարակակիր 28 անձի նկատմամբ իրականացվում է բժշկական սպասարկում։
Ինչպես նաեւ 2024-ին հաշվառվել է Հեպատիտ B վարակ ունեցող 29 ազատազրկված անձ, որոնցից 10-ի մոտ արձանագրվել է վարակի կառավարման-բուժման անհրաժեշտություն։ Իսկ թե որտեղ են պահվում վարակ ունեցող դատապարտյալները՝ առանձին մեկուսարաններո՞ւմ, թե՞ ընդհանուր՝ փոխնախարարը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա առողջապահության նախարարության տիրույթում չէ։
Հարցի պատասխանը լրատվամիջոցը փորձել է ստանալ արդարադատության նախարարությունից, սակայն մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը չի պատասխանել հեռախոսազանգերին։